Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այս քայլը կատարվում է ի պատասխան 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման անհրաժեշտությանը։
Նոր համակարգը նախատեսվում է ապահովել ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։ Ներկայումս զբոսաշրջային ոլորտի մասնակիցների վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից՝ առանց դրանք միասնական տեղեկատվական հարթակում համադրելու։ Սա խոչընդոտում է պետական մարմինների՝ ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը, ինչպես նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական կառույցների միջև։
Նախագծի համաձայն՝ կստեղծվի զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան։ Այն կներառի դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգերը։ Շտեմարանը կապահովի տվյալների փոխգործելիություն այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքով։
Այս նախաձեռնության նպատակն է բարելավել պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, պարզեցնել վարչարարությունը, կրճատել բյուրոկրատական գործընթացները, զարգացնել ոլորտի վիճակագրական և վերլուծական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել զբոսաշրջության ոլորտում թափանցիկության և վերահսկողության մակարդակը։