Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նիստասրահում տեղի է ունեցել ոլորտի հիմնական ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահում է Կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։
Հանդիպմանը ներկայացված էին ոլորտի հիմնական խաղացողները՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանման ղեկավարները և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում Եղիազար Վարդանյանը ներկայացրել է Կոմիտեի կողմից մշակված մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են ոլորտի կանոնակարգմանը։ Կենտրոնական թեմաներից մեկը քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումն է, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող մի քանի հիմնական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու հնարավորությունները։ Այս առաջարկները մանրամասն քննարկվել են մասնագիտական հանձնաժողովի կազմում։
Բացի այդ, քննարկվել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկները, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կանոնակարգմանը։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով մշակել համատեղ օրենսդրական նախաձեռնություններ և գտնել առավել արդյունավետ մեխանիզմներ, որոնք կօգնեն ապահովել ոլորտի կայուն և զարգացման համար նպաստավոր միջավայր։