Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում նկատվում են զգալի փոփոխություններ, որոնք հատկապես արտահայտվում են լավագույն հիսնյակում։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով, ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, խոշոր հարկատուների հիսնյակում առավելություն ունեն ներմուծող և առևտրով զբաղվող կազմակերպությունները՝ 14 ներկայացուցչով։
Բանկային ոլորտում տեղի է ունեցել էական փոփոխություն։ 2025 թվականի տարեկան ցուցանիշներով հիսնյակում ներառված 8 բանկից այս տարվա առաջին եռամսյակում հիսնյակում են մնացել 6-ը՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Ակբա» բանկը, «Էվոկա» բանկը, «Ինեկոբանկը» և «Ֆասթ» բանկը։
Հատկապես նշանակալի է «Ֆասթ» բանկի տեղաշարժը։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակում այն զբաղեցնում էր 93-րդ տեղը, իսկ տարեկան ցուցանիշներով՝ 75-րդը, ապա այս անգամ այն արդեն 48-րդ հորիզոնականում է։ Սա բանկի համար ամենամեծ «թռիչքներից» մեկն է։
Արտադրողների ցանկում, ինչպես միշտ, առանձին հաշվարկվում է հանքարդյունաբերությունը։ 2025 թվականի տարեկան արդյունքներով լավագույն հիսնյակում գտնվող արտադրողների թիվը 10 էր, իսկ այս տարվա առաջին եռամսյակում այն նվազել է մինչև 7։
Հատկապես ուշագրավ է «Ջերմուկ գրուպ» ընկերության կտրուկ անկումը։ Այս ընկերությունը, որը 2025 թվականի առաջին եռամսյակում զբաղեցնում էր 15-րդ տեղը, իսկ տարեկան ցուցանիշներով՝ 36-րդը, այս անգամ իջել է 80 հորիզոնականով և հայտնվել 95-րդ տեղում։
Հայաստանի սննդի արդյունաբերության ընդգծված առաջատարը «Աթենք» մսամթերքի գործարանն է, որը տարիներ շարունակ եղել է իր ոլորտի առաջատարը և այժմ փաստացի գլխավորում է ընդհանրապես սննդամթերքի արդյունաբերության ցանկը՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 27-րդ հորիզոնականը։ 34-րդ տեղում է «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը, իսկ 43-րդը՝ «Գրանդ Քենդին», որոնք ևս մշտապես լինում են լավագույն հիսնյակում։
Հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես միշտ, առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը նաև Հայաստանի տնտեսության հիմնական հենասյուներից մեկն է։
Լավագույն հիսնյակում են ներառված նաև «կոմունալ» ոլորտի ընկերությունները («Գազպրոմ Արմենիա», ՀԷՑ, «Վեոլիա ջուր») և կապի օպերատորները («Վիվա Արմենիա», «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա»)։ Հիսնյակը եզրափակում է «Դոմուս» ընկերությունը։