Անահիտ Ավանեսյանի հագուստի և զարդերի արժեքը գերազանցում է 1100 դոլարը՝ ֆոնում՝ աղքատության և առողջապահական խնդիրների ծանր իրողությունները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրապարակային կերպարը, հատկապես նրա հագուստի և աքսեսուարների ընտրությունը, վերջին շաբաթներ շարունակ դարձել է հանրային քննարկության թեմա։

Ընդհանուր առմամբ, նախարարի կրած հագուստի և զարդերի արժեքը միայն մեկ հրապարակային լուսանկարում գնահատվում է 1100-1200 դոլարից ավելի՝ առանց հաշվի առնելու կոշիկները, պայուսակը, ժամացույցը և այլ աքսեսուարները։

Այս հարցը դարձել է ակտուալ ֆոնին՝ աղքատության և առողջապահական համակարգի խնդիրների ծանր իրողությունների։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7 տոկոս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի ապրում է աղքատության պայմաններում։ Թերսնված բնակչության թիվը հասնում է շուրջ 560 հազարի։

Հանրության ուշադրությունը նախարարի հագուստի նկատմամբ աճել է այն բանից հետո, երբ նա նոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ կրել էր իտալական PINKO բրենդի Grottaglie Gilet մոդելը, որի արժեքը կազմում է մոտ 305 դոլար։ Իսկ նախօրեին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրա կրած հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գնահատվել էր ավելի բարձր։

Այսպիսով, պաշտոնյաների կողմից ցուցադրվող շքեղությունը դառնում է ոչ թե նորաձևության, այլ քաղաքական պատասխանատվության և հանրային զգայունության հարց։ Այն դառնում է խորհրդանշական պատկեր այն բևեռացման, որը տարիների ընթացքում ձևավորվել է իշխանության բարձրագույն օղակների և հասարակության սոցիալապես խոցելի շերտերի միջև։ Մի կողմում հարյուրավոր և հազարավոր դոլարների արժողությամբ զարդերն ու բրենդային հագուստն են, մյուս կողմում՝ հազարավոր ընտանիքներ, որոնք ամեն ամիս հաշվարկում են, թե ինչպես վճարեն դեղերի, սննդի և բուժման համար։ Այդ հակադրությունն է, որ այսօր ավելի բարձր է խոսում, քան ցանկացած քաղաքական ելույթ։