Դեկտեմբերի 4-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Ակտյուբինսկի մարզպետ Ասխատ Շախարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-Ղազախստան միջպետական հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակի վերհանումը ընդհանուր հանձնառության վառ դրսևորում է։
Հատկապես ընդգծվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար բնագավառներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։
Ա․ Շախարովը վերահաստատել է Ակտյուբինսկի մարզի տնտեսվարող սուբյեկտների պատրաստակամությունը՝ հայաստանյան ընկերությունների հետ սերտ գործընկերություն հաստատելու համար՝ ի շահ ներկրման-արտահանման փոխշահավետ գործարքների իրականացման։
Հանդիպման արդյունքներով, որին մասնակցել է նաև Ակտյուբինսկի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդող գործնական քայլերի շուրջ։
Արմեն Ղևոնդյանը նաև մասնակցել է դեկտեմբերի 4-5-ը կայացած Aqtobe investment forum-2025 միջազգային ներդրումային համաժողովին։