Նիկոլ Փաշինյանը ստացել է ավելի քան 2 մլն դրամ արժողությամբ նվերներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հունիսի տվյալներով ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Այս մասին հայտնի դարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա։

Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի մասին է, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար 115 դրամ։ Այս շքանշանը վարչապետին փոխանցվել է մայիսին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցի ընթացքում։

Մեկ այլ ուշագրավ նվեր ևս ստացվել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Վարչապետին փոխանցվել է հայտնի մտավորական Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է դեռևս 1818 թվականին՝ Վենետիկում։ Հնատիպ գրքի արժեքը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանին նվիրել է «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ, որի արժեքը կազմել է 161 հազար 918 դրամ։

Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության մարտի 19-ի այցի ընթացքում վարչապետը ստացել է նաև «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ։ Նվերի արժեքը գնահատվել է շուրջ 276 հազար դրամ (640 եվրոյին համարժեք)։

Նվերների ցանկում ներառված է նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի կողմից հանձնված «an&angel» ապրանքանիշի ապակյա ամանը, որի արժեքը կազմել է 70 հազար 222 դրամ։ Այս նվերը վարչապետին փոխանցվել է մայիսի 7-ին՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած լատվիական պատվիրակության ընդունելության ժամանակ։

Բոլոր նվերները հաշվառվել են որպես օրենքով սահմանված կարգով ստացված արարողակարգային կամ պաշտոնական նվերներ և ներառվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացված հաշվառման ձևաթղթերում։