Հայաստանում կայացած «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության միջոցառման ծախսերը կազմել են ավելի քան 8,8 միլիոն դրամ

Փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ «կլոր սեղանի» միջոցառման ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 8,8 միլիոն դրամ։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել վարչապետի աշխատակազմի և «Էյթի Էյթ ՍՊԸ»-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Միջոցառումը տեղի էր ունեցել Ծաղկաձոր քաղաքի «Էյթի Էյթ Դելյուքս» հյուրանոցում։ Ըստ պայմանագրի՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար «Էյթի Էյթ ՍՊԸ»-ին վճարվել է 8 898 910 դրամ։

Հյուրանոցային ծառայությունների մեջ ներառված էին 35 համար, որոնք նախատեսված էին 46 մասնակցի համար։ Դրանցից 2-ը եղել են Premium Suite տիպի մեկտեղանի համարներ, որոնք նախատեսված էին 2 անձի համար, 26-ը՝ ստանդարտ մեկտեղանի համարներ՝ 26 անձի համար, 6-ը՝ երկտեղանի համարներ՝ 12 անձի համար, իսկ մեկը՝ վեց տեղանի համար՝ 6 անձի համար։

Բացի հյուրանոցային ծառայություններից, պայմանագրի համաձայն կազմակերպվել էր նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար։ Այս սրահների թվում էին կոնֆերանս սրահը (Gold) և Cinema սրահը։

Կազմակերպվել էր նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։