Հայաստանի Հանրապետության Բանակի 34-րդ տարեդարձը նշվեց Գերմանիայում

Հայաստանի Հանրապետության Բանակի հիմնադրման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, ռազմական կցորդներ և Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Ընդունելության ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Նրա խոսքում ընդգծվեցին պետության անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները՝ լեգիտիմությունը, փոխկապակցվածությունը, կանխատեսելիությունը և խաղաղության դերը։ Դեսպանը նաև ներկայացրեց Հայաստանի կառավարության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ և այդ գործընթացում արձանագրված դրական զարգացումները։

Վիկտոր Ենգիբարյանը կարևորել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը, որը սահմանում է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ուղղությունները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին աջակցելու համար։

Ընդունելության ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Բարսեղյանը, որը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացիկ գործընթացները։