Հայաստանի նախագահը հավատարմագրեր է հանձնել Պաղեստինի առաջին դեսպանին

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողության ընթացքում ընդունել է Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Իսա Կասիսիենիին։

Հանդիպման ընթացքում նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ դեսպանի նշանակումը ևս մեկ պատմական իրողություն է։ Նա հավատացած է, որ այս նոր կարգավիճակը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

«Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- նշել է նախագահը։

Իսա Կասիսիենին շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար՝ հավաստիացնելով, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ ամրապնդելու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Նա հավելել է՝ «Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները։ Նշվել է քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում Հայաստանի նախագահը շեշտել է երկրի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և աջակցություն։