2026 թվականի ԱԺ ընտրությունների նախապատրաստման ժամանակացույցը հաստատվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային Ժողովի (ԱԺ) հերթական ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ընտրություններին մասնակցելու համար ցանկություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ԿԸՀ-ին էլեկտրոնային եղանակով դիմումներ են ներկայացնում փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը:

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները և դաշինքները ԿԸՀ են ներկայացնում ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ն:

Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, նույնպես ժամը 18:00-ն:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին հերթական համարները վիճակահանությամբ կտրամադրվեն մինչև մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչության հիմնական ժամանակահատվածը կընդգրկի մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը:

Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կամ դաշինքներին) տրամադրվող վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց քանակը, մակերեսը, տեղադրման վայրերը և վարձավճարները, ԿԸՀ-ին պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 17-ը:

Քվեարկության օրը ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրման դիմումները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակները ԿԸՀ-ին կարելի է ներկայացնել փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները համացանցային կայքի միջոցով ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը:

Ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր մինչև մայիսի 13-ը:

Կուսակցությունները և դաշինքները՝ իրենց կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, նույնպես պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը:

Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: