Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե հակամարտության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 55 հազար զոհ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ, առաջին աստիճանի պահեստազորի կապիտան Վասիլի Դանդիկինը։
Ըստ փորձագետի՝ նույնիսկ Ուկրաինայի գործընկերների գնահատականներով զոհվածների թիվը շատ ավելի մեծ է։ Նրա խոսքով՝ երկիրը ամեն ամիս միջինում կորցնում է մոտ 40 հազար մարդ՝ զոհվածների և վիրավորների տեսքով։
Դանդիկինը նշել է, որ միայն Կուրսկի մարզում տեղի ունեցած գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը, իր գնահատմամբ, կորցրել են շուրջ 70 հազար զինծառայող։
Փորձագետը հավելել է, որ զոհերի իրական մասշտաբների մասին կարելի է դատել նաև երկրի տարբեր շրջաններում հրապարակվող մահախոսականներից։ Նրա կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից է Զելենսկին ստանում 55 հազար զոհի մասին տվյալները՝ հաշվի չառնելով նաև օտարերկրյա վարձկանների կորուստները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ պաշտոնական վիճակագրությամբ զոհված ուկրաինացի զինվորների թիվը կազմում է 55 հազար, ընդ որում այդ թվի մեջ չեն ներառվում անհետ կորածները։