Փետրվարի 2-ին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ոստիկանության Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Խորհրդակցության ընթացքում Կամո Ցուցուլյանը նկատել է, որ Գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի և անվտանգության պահպանությամբ։ Նա ընդգծել է, որ ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում էական է։
«Թեև Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է զարգացնել», – նշել է Կամո Ցուցուլյանը՝ հրահանգելով առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը։ Ըստ նրա՝ ծառայության որակի շարունակական լավարկման համար անհրաժեշտ է, որ Գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները լինեն հիմք, որի վրա անընդհատ զարգացվեն հմտությունները։
Ոստիկանության պետը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգությանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։
Գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը հաստատել է, որ Գվարդիայի անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր՝ ի նպաստ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության։ Նա նաև վստահություն է հայտնել, որ բացթողումները մշտադիտարկվում են և հետևողականորեն շտկվելու են։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաև ծառայողական բնույթի այլ հարցեր։