Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միաբանության հետ Մայր Տաճարում կատարված Երեկոյան ժամերգության ավարտին Նորին Սրբությունը՝ Գարեգին Երկրորդ Շինարար Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավորների։
Ներկայացնելով հայ իրականության ներկա մտահոգիչ իրավիճակը՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում շատ կարևոր դիտարկում էր կատարել, որը ես ուզում եմ մեջբերել։ Նա նշել էր, որ «Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-Պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ»։
Այս մեջբերումից առանձնացնում եմ Վեհափառ Հայրապետի լավատեսական միտքը՝ «Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնելու» մասին։
Ինչպես արդեն անդրադարձել էի, Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը նման միտքը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ էր ներկայացրել։ Սրբազան հոր այդ հոդվածը բավականին տարածում է գտել, և, կարծում եմ, ՀՀ իշխանություններին նույնպես այն հասու պետք է լիներ։ Ես նույնպես, անդրադառնալով Սրբազանի այդ առաջարկին, վստահություն էի հայտնել, որ այն մեծ մասամբ համահունչ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսակետներին ու հարցի կարգավորման տեսլականին։
Վեհափառ հայրապետի ուղերձում տեղ գտած վերը նշածս հատվածը հենց դրա վկայությունն է։