Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին, հանդես է եկել ելույթով։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։
Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի զարգացումը, թեև կարևոր առաջընթաց է, սակայն չի ապահովել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելումը։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների զարգացումը, ցավոք, չեն հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազման։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է մարդածին այս աղետների կանխարգելման հիմնական գործոնը՝ ժամանակին և համախմբված արձագանքը։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ նշելով, որ այս հարցում կարևոր է գործառնական և քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Նա նաև կարևորել է 2024 թվականին Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նախաձեռնությունը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների շրջանակին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։