Ներկայիս տարվա ընթացքում ոստիկանության ենթակա ծառայությունների անձնակազմերին նոր ղեկավարներ են ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ծառայությունների ղեկավարներին ներկայացնելիս շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարներին՝ իրենց կատարած աշխատանքի համար։
Առաջինը Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Խուդինյանին և ներկայացրել նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին ներկայացվել է վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։ Կարևորելով այս ծառայության դերը բնակչության հետ կապի ամրապնդման և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման գործում՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ Կարեն Հակոբյանին և հաջողություններ մաղթել նրան։
Քրեական ոստիկանության ծառայության ղեկավարներին ներկայացնելով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արթուր Բարսեղյանին՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման գործում ծառայության առանցքային դերը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին պետ Վարդան Վարդանյանին՝ նրա ղեկավարությամբ ծառայության կողմից արձանագրված արդյունքների համար։ Ոստիկանության պետը վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի գլխավորությամբ ծառայությունը կշարունակի պահպանել մասնագիտական բարձր նշաձողն ու ծառայողական պատասխանատվությունը։
Նորանշանակ ղեկավարներին Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքը հանցավորության դեմ պայքարի, համայնքների հետ համագործակցության և ճանապարհային անվտանգության ապահովման ուղղություններով։ Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է քաղաքացիների համար առավել անվտանգ և ապահով միջավայրի ձևավորման, հասարակական կարգի ամրապնդման և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար։