ՆԳՆ ղեկավարի ամանորյա ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ ես ողջունում եմ բոլորին։

2025 թվականը Ներքին գործերի նախարարության համար դարձավ համակարգային վերափոխումների և ինստիտուցիոնալ կայացման կարևոր փուլ, որը հիմք դրեց նախորդ տարիներին ձեռք բերած արդյունքների ամրապնդմանը։ Մենք շարունակեցինք խորքային և համընդգրկուն բարեփոխումներ՝ ձևավորելով ժամանակակից, արդյունավետ և հանրության վստահությանն արժանացած կառավարման համակարգ։ Այս գործընթացի արդյունքում բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ամրապնդվել է հասարակական կարգը և ներքին անվտանգությունը։

Արձանագրված արդյունքները և հանրային վստահության աճը հաստատում են ընտրված ռազմավարության կենսունակությունը։ Սա մեզ պարտավորեցնում է գործել առավել հետևողական և պատասխանատու կերպով՝ հասկանալով, որ փոփոխությունները պահանջում են ոչ միայն վճռականություն, այլև երկարաժամկետ տեսլական, նորարար մտածողություն և ինստիտուցիոնալ ինքնամաքրման կամք։ Թերացումները բացահայտելն ու շտկելը մեր զարգացման գիտակցված գործիքներն են։

ՆԳՆ-ն, որպես պետության կայունության և ներքին անվտանգության հիմնասյունային ինստիտուտ, իր առաքելությունն իրականացնում է մեր երկրի պետականության ամրապնդման և պետությունը հետևողականորեն ուժեղացնելու նպատակադրումով։

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը։ Խոնարհում եմ ծառայության ընթացքում զոհված մեր գործընկերների հիշատակի առաջ։ Փա՛ռք նրանց։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Խաղաղությունը մեր պետականության կայուն զարգացման առանցքային պայմանն է։ Միայն խաղաղ միջավայրում են հնարավոր խորքային բարեփոխումները, ուժեղ պետական ինստիտուտների ձևավորումը և քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով՝ ի նպաստ Կառավարության խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման։

Վստահ եմ, որ գալիք տարում նույն տեսլականով, պատասխանատվությամբ և հետևողականությամբ կշարունակենք մեր գործունեությունը՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության պետական շահերին և մեր հասարակության անվտանգ ապագային։

Թող 2026 թվականը լինի խաղաղության, կայուն զարգացման և մեր պետության համար նոր հնարավորությունների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։