ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կողմից սոցցանցում հրապարակված ռիլը, որը վերաբերում էր առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, արագորեն դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ ինքնին նախարարությունում։
Տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի առջև ծառացած խնդիրներին։ Փոխնախարարի ռիլը, որտեղ նա ծիծաղում է, վերագրվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ որպես նախարարին, ով «ձախողել է» համընդհանուր ապահովագրության ներդրումը։ Այս հանգամանքը, ըստ աղբյուրների, առաջացրել է քննադատական արձագանքներ առողջապահական համայնքում, ինչի հետևանքով տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվել է համացանցից։
Իրավիճակը դարձել է ներքին քննարկման առիթ նաև Առողջապահության նախարարության շրջանակներում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից և հորդորել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։
Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից։