ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության գործընկերության խորացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։
Անդրադարձ է կատարվել նաև հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների վերագործարկման և նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։