Իմ այցը Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի նստավայր, խորհրդանշական է, քանի որ այն համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ։ Այս առիթով ես շնորհավորել եմ ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրին իր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում ընդգծեցի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այս գործընթացը այլևս անդառնալի է։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին։
Մենք մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Իմ կողմից ներկայացվել են օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի։
Ես շնորհակալություն եմ հայտնել ԵԽԽՎ-ի կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար՝ հատկապես այն հարցերում, որոնք առավել կարևոր են Հայաստանի համար։ Մենք ընդգծեցինք միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, որի վկայությունն է ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի խորհրդարանին տրամադրված աջակցությունը։