Փետրվարի 18-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը և կոնկրետ ուղղություններով գրանցված տեսանելի արդյունքները։
Նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը և վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։
Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանը կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը՝ որպես գործընկերության ամրապնդման կարևոր քայլ։ Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման վերջում քննարկվել են առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունի Հայաստան այցի մանրամասները, որը նախատեսվում է որպես համագործակցության նոր փուլի մեկնարկ։