Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 93-րդ վեհաժողովին

Նոյեմբերի 24-ից 27-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում տեղի ունեցած Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 93-րդ վեհաժողովին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ գլխավորած ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի կողմից։

Վեհաժողովին, որը հավաքել էր 179 երկրների 800-ից ավելի ներկայացուցիչ՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր և բարձրաստիճան պաշտոնյաներ, կենտրոնական թեմաներ էին անդրազգային կազմակերպված հանցավորության, ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի, ահաբեկչության և կիբերհանցավորության դեմ պայքարի հարցերը։

Իրենց ելույթներն ունեցան Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան և Մարոկկոյի ազգային անվտանգության և տարածքային վերահսկողության ծառայության տնօրենը։

Վեհաժողովի ընթացքում տեղի ունեցան Ինտերպոլի նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններ։ Ֆրանսիայի պատվիրակության առաջադրած թեկնածուն ընտրվեց Կազմակերպության նոր նախագահ, իսկ Գործադիր կոմիտեի կազմը համալրվեց 5 նոր անդամներով։

Բացի այդ, ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ, որոնք ուղղված են Ինտերպոլի հնարավորությունների ամրապնդմանը և գործող մեխանիզմների բարելավմանը։

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Կազմակերպության մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և անդամ երկրների պատվիրակությունների հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։