Պետական այցով Աթենքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում։
Հանդիպմանը ներկա էին դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, ինչպես նաև հասարակական և պետական գործիչներ։
Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալություն է հայտնել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։
Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նմանօրինակ երկկողմ հանդիպումների նախաձեռնումն ու հաճախակի անցկացումը կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Հունաստանի քաղաքական, պատմական, բարեկամական և մշակութային առնչակցությունները ստեղծում են հզոր հիմք՝ երկու երկրների առևտրատնտեսական օղակներում համագործակցության համար, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման։ Նախագահը հույս է հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը։