Հունաստան կատարած պետական այցի ընթացքում ես հարցազրույց եմ տվել հունական «Manifesto» պարբերականին, որտեղ ներկայացրեցի Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները, տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ ես նշեցի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի մասին։ Այս իրադարձությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ, կարող էր թվալ անհավատալի, սակայն դրա ետևում կանգնած է եղել բավականին երկար նախապատրաստական շրջան։
Բանակցային գործընթացը, ինչպես ես ընդգծեցի, գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով։ Անցած տարվա հունվարի 25-ից մինչ օրս սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Նախկինում գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր էին տեղի ունենում։
Հարցազրույցի ընթացքում ես անդրադարձա նաև հայկական սփյուռքի որոշ հատվածների մտահոգություններին՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ես զգացի, որ կա ըմբռնում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ։
Ես ներկայացրեցի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։ Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից։ Հայաստանը պետք է կենտրոնանա ներկայա և ապագա մարտահրավերների լուծման վրա։
Վերջում ես խոսեցի նաև հայ-հունական հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ գործակցության խորացման կարևորությունը։