Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, որի ինքնության հիմքում ընկած է բացառիկ մշակութային ժառանգությունն ու արժեքները։ Ժամանակակից աշխարհում, երբ գլոբալիզացիան, տեխնոլոգիական առաջընթացը և տեղեկատվական հեղափոխությունը լուրջ ազդեցություն են ունենում ազգային ինքնությունների ձևավորման և պահպանման վրա, առավել քան երբևէ հրատապ է դառնում մշակութային քաղաքականության և դրա հետ կապված հայեցակարգի ձևավորումը։
Մշակութային հայեցակարգի առկայությունն ու դրան համապատասխան քայլերի ձեռնարկումը ոչ միայն կարող է պայմաններ ստեղծել մեր մշակութային ժառանգության պահպանության ու գալիք սերունդներին փոխանցման համար, այլև ապահովել ամուր գաղափարական հիմք՝ ինքնության ամրապնդման, ազգային արժեքների զարգացման և արդի մարտահրավերներին դիմակայելու համար։
Անհրաժեշտ է ընկալել, որ մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի արտացոլում չէ, այլ կենդանի, շարունակաբար զարգացող համակարգ, որի մեջ ներառված են ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական արժեքները՝ ճարտարապետություն, գեղանկարչություն, գրականություն, լեզու, ժողովրդական տոնակատարություններ, սովորույթներ և հավատալիքներ։ Այս ժառանգությունը դարեր շարունակ ձևավորել է հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, աշխարհընկալումը և սոցիալական կապերը։
Սակայն այսօր, երբ արտաքին ազդեցությունները, արտաքին մշակութային հոսքերը և շուկայական հարաբերությունները հաճախ գերակշռում են տեղական մշակութային դաշտում, մեծանում է վտանգը՝ կորցնելու այն եզակիությունն ու ինքնատիպությունը, որ դարեր շարունակ պահպանվել է հայ մշակույթի մեջ։
Առանց մշակութային հայեցակարգի, որը կհիմնվի ազգային արժեքների ու ժառանգության վրա և միաժամանակ կպատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, մշակութային ոլորտը դառնում է անկառավարելի, մասնատված և ենթակա արտաքին ազդեցությունների։ Մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում մշակութային կյանքի ակտիվությունն ընդամենը սկսվում և ավարտվում է հատվածային նախաձեռնությունների և անհատական նախագծերի վրա։
Արդյունքում բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, արվեստի գործեր, լեզվական և բանահյուսական ավանդույթներ հայտնվում են մոռացության կամ անտեսման եզրին, իսկ նոր սերունդները հաճախ չեն ճանաչում ու չեն ընկալում սեփական մշակութային արմատները։ Դա հանգեցնում է մշակութային ինքնության թուլացման, ազգային ինքնագիտակցության դեգրադացման և հասարակության արժեքային համակարգի ճգնաժամի։
Ներկա պայմաններում, երբ երիտասարդ սերունդը հաճախ գտնվում է արտաքին մշակութային ազդեցությունների՝ հատկապես զանգվածային ու սպառողական մշակութային հոսքերի ներգործության տակ, կենսական կարևորություն ունի հատուկ մշակութային քաղաքականության միջոցով երիտասարդներին հասու դարձնել հայկական մշակութային գանձերը։ Ու այս տեսանկյունից կարելի է կիրառել նաև կրեատիվ լուծումներ։ Ժամանակակից մշակույթը պետք է ունենա ոչ միայն պահպանողական, այլև զարգացող ու փոփոխվող բաղադրիչ, որպեսզի կարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին, ներգրավել երիտասարդներին, ստեղծել նոր մշակութային բովանդակություն և ձևավորել մրցունակ մշակութային միջավայր։
Հայաստանը, լինելով փոքր պետություն և հաճախ արտաքին սպառնալիքների ենթարկվող երկիր, չի կարող իրեն թույլ տալ մշակութային ոլորտում անորոշություն և պետական քաղաքականության բացակայություն։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը դարձել են նաև փափուկ ուժի գործիք՝ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և պետական իմիջի ձևավորման մեջ։ Առանց մշակութային նպատակաուղղված քաղաքականության Հայաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը միջազգային հարթակներում ու չի կարողանա պատշաճ կերպով ներկայացնել իր արժեքներն ու ժառանգությունը, պաշտպանել դրանք միջազգային մակարդակում, ինչպես նաև նպաստել մշակութային տուրիզմի զարգացմանը, ազգային բրենդի ձևավորմանը և արտահանվող մշակութային արտադրությանը։