Հայաստանը և Կամբոջան քննարկել են երկկողմ փոխգործակցության հեռանկարները

Փետրվարի 6-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը հանձնառություն են արտահայտել երկկողմ փոխգործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարներին՝ հատկապես քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակի դրական դինամիկան։

Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի։ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հարավային Կովկասում ընթացող զարգացումները՝ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը։

Պնոմպենում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը այցելել է Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրինության հետ քննարկվել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները։