Հայ-ռուսական հարաբերությունների բարդ և զգայուն ոլորտում նոր լարվածություն է առաջանում, որը կարող է ունենալ ռազմավարական հետևանքներ։
Իմ աղբյուրների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գաղտնի բանակցություններ է սկսել արևմտյան երկրների հետ՝ Ռուսաստանի կողմից կառավարվող «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու և դրա վրա իր ազդեցությունը հաստատելու նպատակով։
Այս քայլը հաջորդում է վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների։ Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել երկաթուղու հարցը։ Նա նշել էր, որ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ Փաշինյանը նաև հստակ նշել էր, որ «Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։
Այս հայտարարությանը հաջորդել է Ռուսաստանի Դաշնության արձագանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ըստ Օվերչուկի՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»։
Այս զարգացումները, թվում է, հակասում են միմյանց։ Մի կողմից, Ռուսաստանը առաջարկում է երկաթուղու վերականգնման աշխատանքներն իրականացնել, ինչը կարող է դիտարկվել որպես երկու երկրների միջև համագործակցության նշան։ Մյուս կողմից, ՀՀ կառավարությունը միաժամանակ փորձում է գտնել այլընտրանքային ռազմավարական գործընկերներ՝ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։
Հատկանշական է, որ արևմտյան երկրների հետ բանակցությունները սկսվել են ՌԴ-ի պաշտոնական արձագանքից ոչ շատ հետո, ինչը վկայում է Երևանի կողմից իրավիճակի արագ և հստակ գնահատման և դրան համապատասխան գործողությունների ձեռնարկման մասին։