Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ընդունման ընթացքում Պեզեշքիանը հայտնել է, որ Իրանը դրականորեն է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման գործընթացը։
Նա այս քայլը որակել է որպես անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված դրական ուղղություն։ Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է ավարտին հասցնել Թեհրանի և Երևանի միջև գործող «Ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը»։
«Մեր վճռական քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, և մենք ոչ մի կերպ չենք ձգտում լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին», – ընդգծել է Պեզեշքիանը։
Այս հանդիպումը տեղի է ունեցել ավելի վաղ, երբ Պապիկյանը աշխատանքային այցով էր մեկնել Իրան։ Պաշտպանության նախարարի այցի նպատակը, ըստ հայտարարությունների, եղել է երկու երկրների միջև ռազմական-տեխնիկական համագործակցության հնարավորությունների քննարկումը։