Երևանի դատարանը թույլ տվեց վարսահարդարի այցելություն Սամվել Կարապետյանի մոտ

Երևանի առաջին ատյանի դատարանը փետրվարի 9-ին բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլ տալու մասին։

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չէր տվել այցելել նրանց տուն և կտրել մազերը։ Այս հարցի լուծման համար փաստաբանները հարկադրաբար դիմել են դատարան։

Կարապետյանի պաշտպաններից մեկը՝ Արշակ Վարդանյանը, հաստատել է, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական երկու անգամ ծառայություն մատուցի Կարապետյանին։

«ՔԿՀ-ում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, բայց տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի, վարսավիրի մասը բաց էր մնացել։ Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին՝ մերժել են, պրոբացիային, ասել են՝ մեր տիրույթում չէ, հարկադրաբար դիմեցինք դատարան, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասել է փաստաբանը։

Դատարանը մոտ երեք ժամանոց նիստ է անցկացրել՝ լսելով կողմերի տեսակետները՝ նման բարդ որոշումը կայացնելու համար։