Սիրելի գյումրեցիներ,
Այս տարվա վերջում, իմ և իմ ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում ԱԱԾ-ի բանտախցից, ես ձեզ շնորհավորում եմ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
2025 թվականի ապրիլին ես ձեր կողմից ընտրվեցի Գյումրու քաղաքապետ, և իմ առաջին, ձեր կողմից հավանության արժանացած նախընտրական խոստումը աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն սոցիալական նպաստավոր ծրագիր է, այլև Գյումրու և գյումրեցու նկատմամբ մեր հարգանքի և գնահատանքի դրսևորում՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի նկատմամբ։ Ցանկացած աշխատակից պետք է ունենա հստակ և արժանապատիվ վարձատրություն։
Հարկ է նշել, որ աշխատավարձի աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման միջոցով, ոչ թե պարգևավճարներով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ նման թռիչքային բարձրացում նախկինում չէր արձանագրվել։
Իմ նախընտրական ծրագրի համաձայն, 2026 թվականից աշխատավարձը կբարձրանա ևս 20 տոկոսով։ Այս ամենը հնարավոր է՝ շնորհիվ քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից հարկատեսակների արդյունավետ հավաքագրման։
Շնորհակալ եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։
Այս կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչելու իմ ծրագրերը։
Իմ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։
Դուք գիտեք, որ իմ կողմից այս խնդրի բարձրաձայնումն օրվա իշխանությունների կողմից չներեց։ Նրանք չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։
Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։
2025 թվականն աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։
Բայց ես վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։
Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։