ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում կայացած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որոշակի հարցեր, որոնք նրան ուղղված են, նման են այլ երկրների հեռուստաալիքներից հնչող պրոպագանդիստական դրույթներին։
«Դուք այլ երկրի գործակա՞լ եք։ Ո՞վ է ձեզ թույլ տալիս հարցնել ինձ՝ ՀՀ ընտրված բարձրաստիճան պաշտոնյային, որ ես որևէ տեղից ուղղորդվում եմ։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք նմանություն չեք տեսնո՞ւմ ձեր հարցերի և այլ երկրների հեռուստաալիքներից հնչող պրոպանգանդիստական դրույթների հետ։ Չեք նկատո՞ւմ, որ ուրիշ երկրների գործակալների թելն եք հյուսում»,– ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ այդ օտարերկրյա լրատվականները ցանկանում են ՀՀ–ում իշխանություն փոխել, որպեսզի «այնպիսի իշխանություն լինի, որ գնա իրենց երկիր՝ դաբրո ստանա»․ «Էդպես չի եղել ու չի լինի»,– հավելեց ԱԺ նախագահը։
Այս արձագանքը հաջորդեց լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունը չկարողացավ Գյումրիում իր սցենարով պատարագ կազմակերպել և պարտադրված էր այլ թեմից հոգևորական բերել։ Սիմոնյանը նշեց, որ «սցենարի» մասին խոսքը չի կարող լինել, քանի որ սա հավատքին վերաբերող գործընթաց է։ Նա նաև հավելեց, որ իր կարծիքով ժամանակն է եկել հաջորդ պատարագը կազմակերպել Մայր Աթոռ Էջմիածնում։
«Ո՞վ ասեց, որ սցենար կա։ Ո՛չ, սա հավատքին վերաբերող գործընթաց է։ Այո՛, ցանկություն կա, որ այսպես լինի, կամ այնպես լինի։ Բայց իրականությունը կարող է այլ լինել։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ մենք Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը։ Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին»,– ասաց ԱԺ նախագահը։