Փետրվարի 9-10-ի ընթացքում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսիի և նրա պատվիրակության անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է կազմակերպվել։
ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Հյուրասիրությունը նախատեսված էր 200 անձի համար և անցկացվել է Զվարթնոց օդանավակայանում։
Հյուրերի համար առաջարկվել է բազմազան ուտեստների տեսականի՝ թխվածքներ, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք և սառը ուտեստներ, այդ թվում՝ խորովածի, ձկան և գյուղական կարտոֆիլի տեսականիներ, պանրի ու զեյթունի տեսականի, ինչպես նաև բնական և գազավորված ըմպելիքներ։
Այս ծառայության մատուցման դիմաց պետական բյուջեից «Բլիզարդ» ՍՊԸ-ին վճարվել է 11 միլիոն 112 հազար 600 դրամ։
«Բլիզարդ» ՍՊԸ-ն, որը գրանցվել է էլեկտրոնային ռեգիստրի համակարգում 2005 թվականից, պետական գնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին։