Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 93-րդ վեհաժողովին

Նոյեմբերի 24-ից 27-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում տեղի ունեցած Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 93-րդ վեհաժողովին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ ղեկավարությամբ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի։

Վեհաժողովին ներկայացել էին 179 երկրների 800 ներկայացուցիչ՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կենտրոնական քննարկման թեմաներն էին անդրազգային կազմակերպված հանցավորության, ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի, ահաբեկչության, ինչպես նաև կիբերհանցավորության դեմ պայքարի հարցերը։

Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ելույթներ են ունեցել Կազմակերպության նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան, Մարոկկոյի ազգային անվտանգության և տարածքային վերահսկողության ծառայության տնօրենը և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Վեհաժողովի հիմնական իրադարձություններից մեկը Ինտերպոլի նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր։ Ընտրվել է նոր նախագահ՝ Ֆրանսիայի պատվիրակության առաջադրած թեկնածու, ինչպես նաև Գործադիր կոմիտեի 5 նոր անդամ։

Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ, որոնք ուղղված են Ինտերպոլի հնարավորությունների ամրապնդմանը և գործող մեխանիզմների հետագա բարելավմանը։

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կազմակերպության մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և անդամ երկրների պատվիրակությունների հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։