Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում Բաքուն վերահաստատում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։
Ըստ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականից ի վեր Հարավային Կովկասում տեղի են ունեցել «արմատական փոփոխություններ»։ Նա պնդում է, որ Ադրբեջանն ամբողությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգ ձևավորելու գործընթաց։ Նա նաև մատնանշել է հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված «պատմական առաջընթացը», որը, նրա գնահատմամբ, ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել են առևտրային կապեր, իսկ Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովում։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երկիրը հանդես է գալիս որպես տրանսպորտային հանգույց։ Նա նշել է «Միջին միջանցքի» կարևորության աճի մասին և հավելել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է մեծացնել տարածաշրջանային կապվածությունը՝ միավորելով Ասիան Եվրոպայի հետ և խթանելով տրանսպորտային, էներգետիկ ու թվային ցանցերի զարգացումը։